ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը հարցազրույց է տվել Ինտերֆաքսին ղարաբաղյան կարգավորման հեռանկարների մասին: Հարցազրույցը հրապարակվել է ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո: Անկասկած, զրույցի որոշ մարամասներ կարող էր բարձրաձանել ՄԽ ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը, բայց կամ որոշել է ձեռնպահ մնալ, կամ տեխնիկական պատճառներ են խանգարել, գուցե նաև քաղաքական:
Խոսելով ԵԱՀԿ ՄԽ անունից, իսկ այլ դիրքորոշմամբ ղարաբաղյան կարգավորման պրոբլեմները մեկնաբանելուց նա ձեռնպահ է մնում, որովհետև «դա այն ոլորտն է, որտեղ ԱՄՆ-ը, ՌԴ-ն ու Ֆրանսիան լիակատար փոխըմբռնում ունեն», կարևոր հայտարարություն է արել: «Կարգավորումը ենթադրում է տարածքների մի մասի վերադաձ Ադրբեջանի վերահսկողության տակ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց,- ընդգծել է նա:- Դա կարգավորման պայմաններից էր, բայց ոչ միակ պայմանը: Փախստականների վերադարձ, միջազգային խաղաղապահ ուժերի ներկայություն՝ բոլոր այս տարրերը խաղաղ կարգավորման պայմաններից են, բոլորին հայտնի: Մենք պետք է աշխատենք կողմերի հետ, որպեսզի միջոց գտնենք միավորել այս պայմանները և հասնել խաղաղ կարգավորման, որից կշահեն տարածաշրջանի բոլոր բնակիչները»: Փաստորեն ԵԱՀԿ ԱՄՆ ՄԽ համանախագահը հաստատել է, որ «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» սխեման «Լավրովի պլանը» կամ «Պուտինի պլանը» չէ, որի մասին վերջերս այդքան բարձրաձայն հայտարարում էին շատ ռուսական, ադրբեջանական և հայկական ԶԼՄ-ներ:
Իսկ առաջին քայլը, ինչպես ընդգծեց ԱՄՆ համանախագահը, պետք է դառնա «Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարումը», նաև՝ «խաղաղ գործընթացի հաջորդ քայլերի մասին պայմանավորվածությունները: ԱՄՆ-ը Ռուսաստանի ու Ֆրանսիայի հետ համատեղ ներգրավված է Վիեննայում ու մայրաքաղաքներում՝ դիտորդական առաքելության ընդլայնման աշխատանքներում»: Այս դիրքորոշումը պետք է մանրամասն վերլուծվի: Բոլորը հասկանում են, որ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների նույնիսկ տեխնիկական կատարումը՝ հակամարտող կողմերի շփման գծում վերահսկողության մեխանիզմի հաստատումը և միջազգային դիտորդների հայտնությունը, հնարավոր չէ առանց Ստեփանակերտի իշխանությունների մասնակցության: Մինչև այս էլ Մինսկի խումբը հաճախ էր այցելում Ստեփանակերտ, բանակցում էր, որ փաստացի Լեռնային Ղարաբաղի լեգիտիմության անձայն ճանաչում է, քանի որ հակառակ պարագայում դիվանագետները կաշխատեին միայն Բաքու-Երևան մակարդակի վրա: Իդեպ, Մինսկի խմբի այդ քայլերը չեն հարուցել և չեն հարուցում Բաքվի բողոքները: Մինսկի խմբի առաջին քայլը տրամաբանորեն կապված է երկրորդի հետ՝ Ստեփանակերտի կարգավիճակի որոշարկման պայմանների ու մեխանիզմի՝ կոնֆլիկտի կարգավորման խաղաղ համաձայնագրի մշակման ու ստորագրման ընթացքում, որ նախատեսված է Մադրիդյան սկզբունքներով: Պատահական չէ, որ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում հակամարտող կողմերից ու միջնորդներից ոչ մեկը չգաղտնազերծեց 1994-ի զինադադարի համաձայնագիրը, որը ստորագրել են երեք երկրներ՝ Բաքուն, Ստեփանակերտը և Երևանը:
Ավելին, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, խոսելով «ճեղքումի հնարավորության» մասին Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո, բառացիորեն հայտարարեց. «Համոզմունք ու տրամադրվածություն կա, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ, որ իր հերթին կարող է հանգեցնել ճեղքման բանակցային գործընթացում: Մենք կարծում ենք, որ նման հնարավորություն կա»:
Ի՞նչ է դա նշանակում: REGNUM-ի տեղեկություններով՝ Երևանը, կանխատեսելով Լեռնային Ղարաբաղի շրջանների մի մասի Բաքվի վերահսկողությանը հանձնումը, հայտարարում էր Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կազմում ընդգրկելու անհրաժեշտության մասին: Այդ սցենարի ընդունման դեպքում կարգավորման հետագա գործընթացը կարող էր շարունակվել միայն Բաքու-Երևան մակարդակի վրա՝ առանց Ստեփանակերտի մասնակցության: Մեկ այլ տարբերակ կա՝ Բաքուն, շրջանների դիմաց համաձայնում է ճանաչել «Լեռնային Ղարաբաղի անցումային ինչ-որ կարգավիճակ», որ նախատեսված է Մադրիդյան սկզբունքներով, իսկ հետո, Ուորլիքի խոսքերի համաձայն՝ բանակցություններ վարել Ստեփանակերտի, գուցե նաև Երևանի հետ կարգավորման պայմանների վերաբերյալ՝ փախստականների վերադարձ, միջազգային խաղաղարար ուժերի տեղակայում և այլն: Ստեփանակերտի այդպիսի կարգավիճակը կարող են ճանաչել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները:
Կարևոր է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի դիրքորոշումը: Ֆրանսիայի Journal du Parlement-ին նա ասել է, որ ցանկացած կոնֆլիկտի համապարփակ լուծումը, հատկապես այնքան բարդ, ինչքան Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտն է, անհնար է միակողմանի զիջումների հաշվին, զիջումները պետք է փոխադարձ լինեն: Նախագահն ընդգծել է. «Նրանք չպետք է խարխլեն մեր երկրի անվտանգությունը՝ մեր հակառակորդին հարմար առիթ տալով մեր դեմ նոր հարձակում ձեռնարկելու համար»: Այսինքն՝ առաջին անգամ Ստեփանակերտի իշխանությունները Երևանի պաշտոնական լռության համապատկերում, խոսելով հնարավոր փոխզիջումների մասին, ցույց են տալիս, որ առանց բանակցություններին Լեռնային Ղարաբաղի ուղիղ մասնակցության կոնֆլիկտի կարգավորման մեջ առաջ գնացող քայլեր անել չի կարելի և հնարավոր չէ:
Ստանիսլավ Տարասով, REGNUM
Հ.Գ. Ինչո՞ւ է Ռուսաստանը համառորեն փորձում առաջ քաշել Ստեփանակերտին՝ Երևանի փոխարեն, սա նո՞ր մարտավարություն է, թե՞ Երևանն է հետ քաշվում՝ ասպարեզը Ստեփանակերտին թողնելով: Տարբեր վարկածներ կարող են լինել, բայց կա մեկ վարկած, որ տարբերակներ չունի՝ եթե ԼՂՀ-ն միանում է Հայաստանին՝ կյանքի կոչելով ղարաբաղյան շարժման սկզբի սեփական կարգախոսը՝ ՛՛Միացում՛՛ և ԳԽ որոշումը, որ չի բեկանել, ոչ թե Ստեփանակերտի փոխարեն Երևանն է բանակցում, այլ՝ հարցը փակվում է՝ այլևս ի՞նչ խաղաղապահներ, ի՞նչ փախստականների վերադարձ ու ի՞նչ տարածքների հանձնում: Հայաստանի՞ տարածքը պիտի հանձնվի, Հայաստա՞ն պիտի ադրբեջանցիները վերադառնան, իսկ Ադրբեջանը կընդունի՞ Բաքվից, Սումգայիթից ու այլ քաղաքներից բռնագաղթվածներին: Եվ վերջապես՝ ի՞նչ իմաստ ունի այդ տեղաշարժը, եթե այլևս հանրաքվե չի լինի ու Բաքվին պետք չէ ժողովրդագրական պատկեր փոխել: Այդ դեպքում՝ Բաքուն մի ճանապարհ ունի՝ կամ համակերպվել, կամ պատերազմ հայտարարել Հայաստանին ու ճանաչվել ագրեսոր: Իսկ ընդհանրապես՝ Ստեփանակերտից ավելի հաճախ լսվում է՝ ՛՛Ոչ մի թիզ հող թշնամուն՛՛, քան խելամիտ փոխզիջումների համաձայնություն:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ